Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կարծրատիպերը դժվար են կոտրվում

Կարծրատիպերը  դժվար են կոտրվում
10.07.2015 | 00:50

Ինչ ուզում եք ասեք, իրոք ծերացած ազգ ենք, հազար ներողություն, գրեթե «դախացած», նույնքան «դախ» մտածելակերպով: Կարծրատիպերի համար էլ ուշքներս գնում է, բա ո՜նց, տասնամյակների կնիքն է դրանց վրա, հո չե՞նք վերցնի ու մի հարվածով, համարյա մակեդոնացիավարի, կտրենք-դեն գցենք: Հեռու չգնանք, Բաղրամյան պողոտայի իրադարձություններն ասվածի ամենաթարմ վկայությունն են: Սովորել ենք, չէ՞, որ ոստիկանությունը դուբինկաներով ցրի բողոքի ցանկացած զանգվածային դրսևորում, ոստիկանապետն էլ, իր առանձնասենյակում ծանրումեծ նստած, մեկը մյուսից դաժան հրամաններով ցաքուցրիվ անի ցուցարարների կուռ շարքերը: Իհարկե սովորել ենք, ու կարծրատիպն էլ շատ դժվար է կոտրվում, այս դեպքում` համազգեստավոր «միլիցու» կարծրատիպը, անկախ նրանից, բարձրաստիճա՞ն «միլիցա» է, թե՞ շարքային: Այնքան ենք սովորել, որ երբ մեկն ասում է` ա՛յ ժողովուրդ, ոստիկանն ու ոստիկանապետն էլ մեզնից մեկն են, հայ մարդ են, թթված դեմքով ենք ընդունում կամ չընդունում այս պարզ ճշմարտությունն ու մի հոծ գիծ քաշում մեր ու մեր միջև: Իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փորձում է ջնջել այդ գիծը, նոր վարքականոնի մեջ տեղավորել քաղաքացի-պաշտոնյա շփման առանցքը, նոր արժեհամակարգ արմատավորել իր ղեկավարած կառույցի ներսում, հանել կառույցի պատերից դուրս ու ջնջել ոստիկանական համակարգի նկատմամբ հանրային կարծիք-վերաբերմունքի կաղապարները: Եթե այս նույն աշխատաոճը գերակայեր պետական մյուս կառույցներում ու բարձրաստիճան չինովնիկների համար նույնքան բնական ձեռագիր դառնար, շատ արատավոր բաներ կդադարեին գոյություն ունենալուց, հանրային կյանքն էլ նկատելիորեն կառողջանար: Ցավոք, Վլադիմիր Գասպարյանն առայժմ «սպիտակ ագռավի» կարգավիճակում է, իսկ «սպիտակին» հենց իր «երամի սևերն» են ծուռ աչքով նայում, սպասելով այն հարմար պահին, երբ հնարավոր կլինի փոխարինել նրան իրենց նման «սևով»: Պատահական չէ, որ վերջին օրերին էլեկտրոնային ու տպագիր լրատվամիջոցները, խոսքները մեկ արած, ակնարկում են նոր ձևավորվելիք ուժային կառույցի` ներքին գործերի նախարարության մասին, որի ստորաբաժանումներից մեկն էլ ոստիկանական համակարգը կլինի: Նույնքան պատահական չէ և այն, որ այդ կառույցի ղեկավարի պաշտոնում երկրի բարձրաստիճան այրերից մեկը ցանկանում է տեսնել իր հովանավորյալներից մեկին: Հայն ասում է՝ «նմանը զնմանին գտանե»։ Ռուսն էլ կասեր`«рыбак рыбака видит издалека»:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ